Սիրելի ընթերցող, Ձեր ուշադրությանն եմ ցանկանում ներկայացնել մի դրվագ երկու հսկաների` Ավետիք Իսահակյանի և Արաքսյա Գյուլզադյանի կյանքից, որն ինձ պատմել է սիրված երգչուհու դուստրը` Դոնարա Գյուլզադյանը (իր մահկանացուն կնքելուց ընդամենը ութ օր առաջ), իմ շատ մտերիմ ընկերուհին, մարդ` մեծատառով:
– Դոնարա ջան, մեր մեծերից ու՞մ հետ է մտերմական կապերի մեջ եղել մայրիկդ` Արաքսյա Գյուլզադյանը: – Դերասանուհի Հասմիկի, Ավետիք Իսահակյանի, նրա որդու` Վիգենի գեղեցկուհի կնոջ` Բելլայի, Շիրազի, Գոհար Գասպարյանի, Սիլվա Կապուտիկյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, աշուղ Շահենի, հայ ռոմանսի նահապետ Ռոմանոս Մելիքյանի, Վանուշ Խանամիրյանի, Հրաչյա Ներսիսյանի, նրա որդու` Լևոնի և շատ-շատերի հետ: – Կպատմե՞ք աթոռվների պատմությունը: – Մայրիկս այցելում է կահույքի խանութ, որտեղ տեսնում է շատ գեղեցիկ, հենակով աթոռներ: Հավանում և ուզում է գնել այդ ութ աթոռները: Վաճառողուհին ներողություն է խնդրում և մերժում մայրիկիս, ասելով, որ դրանք Վարպետը պիտի գնի: Մայրիկս գնում է վարպետի` Ավետիք Իսահակյանի տուն, ներս մտնելիս երգելով ՙՍիրեցի, յարս տարան՚ երգը: Իսահակյանը լսում է երգը, շատ ջերմ ընդունում և այցելության նպատակը իմանալով` ասում է. – Արաքսի ջան, ղուրբանդ էղնիմ, արի իրարից չնեղենանք ու նարդի խաղանք, ով որ կրեց` նա էլ կառնի աթոռները: Եվ սկսում են խաղալ: Մայրիկիս բախտը ժպտում է, նա մարսով ավարտում է խաղը: Վարպետը, կես-կատակ, կես-լուրջ, երգում է. ՙՍիրեցի, աթոռներս տարան՚: Եվ այդ աթոռները մայրիկս է գնում: – Հիմա կա՞ն այդ աթոռները: – Այո, կան և շատ լավ վիճակում են: Ես այդ աթոռներից մեկը սիրով նվիրելու եմ Վարպետի տուն-թանգարանին, ինչպես խոստացել եմ նրա սիրելի թոռանը` Ավիկ Իսահակյանին: (Ցավոք, Դոնարան չհասցրեց կատարել նվիրատվությունը:) – Ինչպիսի՞ն էր նա որպես մայր, և խոհանոցում, և որպես մարդ: – Շատ լավ, շատ հոգատար մայր էր: Ընտիր ճաշատեսակներ էր պատրաստում` հարիսա, խաշ, քյուֆթա, որն ինքն էր ծեծում հատուկ քարի վրա: Ամեն ինչ սրտանց էր անում, այդ պատճառով շատ համեղ էր ստացվում: Սիրտ ու հոգի էր դնում թե՜ երգի և թե՜ իր պատրաստած կերակուրների մեջ, կարողանում էր աշխատանքը համատեղել ընտանիքին և չէր տուժում ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Մինչ օրս էլ զգում եմ մայրիկիս կարիքը: