|
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
21:06 ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ |
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Հայաստանի Հանրապետության ազգային արխիվում պահպանվող հայ բեմի մեծ վարպետ Վահրամ Փափազյանի անձնական արխիվային ֆոնդի փաստաթղթերում կա մի հոդված, ուր նա անդրադարձել է հայ թատրոնի ճանաչված դեմքերից մեկի` Վարդուհի Վարդերեսյանի ստեղծագործական գործունեությանը: ՙՃապուկ ու բարձրահասակ այս դերասանուհին արդարացնում է իր հորջորջումը միայն իր ժպիտով ու մեղմօրոր ձայնով` պահելով միշտ իր սև աչքերի խորքում իր չարքաշ մանկության համակերպվող դառնությունը, որը մոտ անցյալի ժամանակների արտացոլումն է և որ Թուրքիայից Ռումինիա գաղթած իր ծնողներից ժառանգ է մնացել Վարդուհուն իր ծնած օրերից: Ամենազգաստ և խելացի դերասանուհին է նա այսօր մեզանում: Անսպասելի պոռթկումներով և հաճախ քմահաճ կամակորությամբ հարուստ այդ աղջիկը հանդիպեց ինձ առաջին անգամ Լենինականում: Անցյալի սարսափներից զգաստացած` ամուր փաթաթվել էր նա թատրոնին և բարեպատեհ հանդիպումով իր դեռատի հասակից գտել էր իր կյանքի ընկերը, ընտանիք կազմել, դարձել օրինակելի կին և մայր, կարողանալով միևնույն ժամանակ մնալ ոչ միայն մի դերասանուհի, այլև բազմախոստում մի ավանդ թատրոնի համար: Նրա հարուստ ընդունակությունների օրինաչափ զարգացումը, որը համապատասխան ջերմություն գտնելով իր շրջապատում, զարգացրեց ու հասցրեց նրան, մինչև բացվեց նրա առաջ մեր մայրաքաղաքի դռները: Եվ այս վերջին ութը տարիներին, շնորհիվ իր համառ աշխատանքին, ամենասիրված դերասանուհիներից մեկն է Երևանում: Մեծագույն հաճույքներիցս մեկը եղավ նրա խաղընկերությունը ինձ հետ ՙՈւրիել Ակոստա՚-ում, որը ինքս բեմադրեցի Սունդուկյանի բեմում: Ընկերական ու կենցաղային կապերով կաշկանդված հնամենի մի ցեղի նույնքան հին սովորություններին կամ օրենքներին ակամա ենթակա և սիրո զգացումից ամեհի ըմբոստ հրեուհի Եուդիֆի կերպարը ոչ միայն ձեռնոցի նման հագել էր այդ աղջիկը, այլ դերը սնունդ տալով նրանում միշտ առկա ալեկոծ փոթորկին, հնարավորություն տվին Վարդուհուն լինել եթե ոչ լավագույնը, ապա մեկը լավագույններից ավելի քան մի տասնյակ Եուդիֆների, լինի ռուս կամ հրեա, որոնց սիրեցի ես ավելի քան հինգ հարյուր գիշերներ և որոնց համար սպանեցի ինձ այդ գեղեցիկ ողբերգության վերջին արարում: Վարդուհու մեծագույն հաջողություններից մեկն էլ ևս ուզում եմ հանձնել թղթին ոչ միայն նրա համար, որ մի փոքր տղեկի դեր էր այդ, հետևաբար և անսովոր արդեն երիցս մայր և ամուսին մի կնոջ համար, այլև այդ դերակատարության որքան անսովոր, նույնքան անսպասելի մեծ հաջողության համար: Այդ, Վիլյամ Սարոյանի ՙՍիրտս լեռներում է՚ պիեսում Ջոնիի կերպարն էր, որ հազվագյուտ հեռատեսությամբ բարեկամս` Աճեմյանը հանձնել էր Վարդուհուն: Քիթը փոքրացել էր դարձել քթիկ, սև աչքերը, որոնց խորքում միշտ առկա է անցյալ տառապանքի մոխրացած ցոլքերը, դարձել էին չարաճճի հետաքրքրությամբ իր շուրջի աշխարհը հետազոտող աչուկներ: Երկար հասակը կարճացել էր և իր ներքնաշխարհով ու արտաքինով դարձել էր հմայիչ մի մանչուկ: Իսկ կերպարի վերջին խոսքերը հեղինակը դրել է փոքրիկ Ջոնիի շրթներին և որով փակում է թատերգությունը մի դժնդակ նշանով. ՙԹվում է թե` ինչ-որ մի տեղ մի բան սխալ է՚ անթառամ պսակը կմնա Վարդուհու ճակտին և նրա ապագա արտիստական զարգացման անխարդախ գրավականը:
Հրապարակումը պատրաստեց Գուրգեն Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի փաստաթղթերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
|
Դիտումներ: 829 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Հունվար 2011 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|