ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ «Ես կավելացնեի հայկական տոմարում «Ընտանիքի տոն», որը պատրաստ եմ նշել ամեն օր, ամեն պահ»
ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ «Իմ ամենասիրած տոնը իմ երկու դուստրերի` Անիի և Մանեի ծննդյան օրերն են»:
ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ
– Սիրելի Նելլի, դժվար չէ՞ր անցումը թատրոնից հեռուստատեսություն, ՙՀանուն սիրո՚ սերիալ:
– Շատ բնականոն ընթացք էր, քանի որ ես դեռ առաջին կուրսում եմ նկարահանվել ՙՃերմակ անուրջներ՚ ֆիլմում, գլխավոր հերոսուհու` Լիլոյի դերում:
– Ինչի՞ մասին չես սիրում խոսել:
– Այն բանի, ինչը միայն ինձ է վերաբերում, իմ ներաշխարհին: Ոչ մեկին թույլ չեմ տա խոսել այն մասին, ինչ միայն ու միայն իմն է:
– Կյանքում և բեմում նույն մա՞րդն ես:
– Այո, նույնն եմ, առանց դիմակի, առանց կեղծիքի:
– Տանը` միասին, բեմում` միասին, ֆիլմում` միասին: Չի՞ ձանձրացրել երբևէ:
– Արդեն 23 տարի միասին ենք, երբեք չենք ձանձրացել: Հույս ունեմ, որ դեռ 23 տարի էլ միասին կլինենք, չենք ձանձրանա, դրանից հետո էլ արդեն կյանքը ցույց կտա:
– Խոհանոց սիրու՞մ ես:
– Վարպետ չեմ խոհանոցում, բայց պատրաստում եմ հաճույքով և սիրով, որովհետև դա անհրաժեշտ է անել:
– Ի՞նչ կասես Վալենտինի տոնի մասին:
– Դա միայն Եվրոպայի տոնն է, տեսնում ենք եթերում, ողջունելի է Եվրոպայի և եվրոպացու համար: Ես ընդունում եմ միայն Սուրբ Սարգսի` սիրահարների տոնը, ուրիշինը թող մնա իրենց, պետք չէ այդքան օտարամետ լինել: Որևէ երկրում նշու՞մ են մեր Սուրբ Սարգսի տոնը, կարծում եմ` ոչ:
– Ի՞նչ տոն կավելացնեիր հայկական տոմարում:
– Եվս մեկ կանանց տոն և, ամենակարևորը, ՙԸնտանիքի տոն՚, որը պատրաստ եմ նշել ամեն օր, ամեն պահ:
– Ինչի՞ ես պատրաստ հանուն սիրո:
– Շատ բարդ հարց է, բայց ամեն ինչի ընդունակ եմ հանուն սիրո, նույնիսկ կյանքս կտամ: Ով անկեղծ և ճշմարիտ սիրել գիտե, կարծում եմ, ամեն ինչի ընդունակ է հանուն սիրո, ամեն ինչի: Նույնիսկ Աստված ամեն ինչ սիրելով և սիրով է արարել: Ամբողջ Աստվածաշունչը աստվածային սիրո դրսևորում է: Սերը Աստծուց տրված շնորհ է, և մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ` հանուն սիրո:
ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

– Հիշու՞մ ես քո առաջին բեմելը:
– Իհարկե, հիշում եմ: 1975-ին, ինը տարեկան հասակում, առաջին անգամ բարձրացա Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմ` մարմնավորելով Օրեսթիի դերը Եվրիպիդեսի ՙԻֆիգենիան Ավլիսում՚ ներկայացման մեջ:
– Լա՞վ է ճանաչված և սիրված լինելը:
– Շատ լավ է, բայց որոշ դեպքերում խանգարում է:
– Ո՞ր տոնն ես սիրում:
– Իմ երկու դստրերի` Անիի և Մանեի ծննդյան օրերը:
– Կյանքում երբևէ օգտագործու՞մ ես քո դերասանական տաղանդը:
– Ոչ, բնավ: Երբ առօրյայում իմ մեջ արթնանում է դերասանը, ես սաստում եմ, ուզում եմ ինձ հանգիստ թողնի: Ես դերասան եմ միայն բեմում, անմնացորդ նվիրվում եմ, իսկ երբ փակվում է վարագույրը, ես նույն Տիգրանն եմ:
– Դու և Նելլին նույն բնագավառի նվիրյալներ եք, ընտանիքին չի՞ խանգարում:
– Ավելի շատ օգնում է, կես խոսքից իրար հասկանում ենք: Ազնիվ ենք մեկ-մեկու նկատմամբ, նվիրված, չունենք ոչ մի պրոբլեմ, իրարից ոչինչ չենք թաքցնում:
– Ի՞նչ կանես` հանուն սիրո:
– Արդեն անում եմ, քսան տարի առաջ էլ էի անում, ապրում հանուն սիրո: Ամեն ինչ անում եմ հանուն սիրո: Սիրում եմ հայրենիքս, հարազատներիս, հարևաններիս, հայրենակիցներիս: Այդ բոլորն անում եմ մեծ սիրով և հանուն սիրո:
– Երեխաների հետ կապված որևէ դեպք կարո՞ղ ես հիշել:
– Ավագ դստերս` Անիին, առաջին անգամ տարանք Պուշկինի անունը կրող դպրոց: Երեկոյան, մեր բարեկամներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս էր դպրոցը, դուստրս պատասխանեց. ՙ Շատ լավն է,– և ձայնին տալով ափսոսանքի երանգ, շարունակեց,– երանի՛ այն ժամանակ սովորեի, երբ դպրոցի տնօրենը Պուշկինն էր՚:
Զրուցեց Զարուհի Մխիկյանը