Կանչիլը աշխարհում ամենահին ու ամենափոքր սմբակավոր կենդանին է: Այս գազանիկն ապրում է հարավ-արևելյան Ասիայում` հիմնականում Յավա զարմանահրաշ կղզում: Եղջերուն ունի 20-25 սմ հասակ, իսկ նրա քաշն ընդամենը 1,5 կգ է: Այս տեսակի ամենագեր ներկայացուցիչների քաշը կարող է հասնել մինչև 2,5 կգ:
Չնայած երկկճղակավորների հետ բարեկամական կապերին` մկանման եղջերուները զուրկ են եղջյուրներից, նրանք փափուկ են ու խավավոր: Նրանց մորթին գորշ-մոխրագույն է, հաճախ` նարնջագույն երանգների: Սակայն այսեղջերուներն ունեն ժանիքներ, որոնք այնքան մեծ են, որ նույնիսկ դուրս են գալիս բերանից: Բայց և այնպես, կանչիլները չեն լկտիանում ժանիքների գոյությունից: Ընդհակառակը, նրանք շատ ամոթխած կենդանիներ են ու թաքնված կյանք են վարում: Նրանք ակտիվանում են հիմնականում գիշերային ժամերին: Ցերեկը նրանք քնում են, իսկ գիշերը թափառելով սնունդ են հայթայթում: Իրենց խոշոր աչքերի շնորհիվ նրանք բավականին լավ կողմնորոշվում են մութ անտառներում: Եղջերուները բուսակեր են, նրանք նույնիսկ կարողանում են ծառ բարձրանալ, լողալ ու ջրի հատակով քայլել` երկար ժամանակ ջրից դուրս չգալով:
Կանչիլները միայնակ կյանք են վարում և իշխում են 12 հեկտար տարածության վրա (էգերը` 8 հեկտար): Հենց այսքան տեղ է պետք փոքրիկներին իրենց լավ զգալու համար:
Կոպշտեյնի պղնձավիզ օձ
Կոպշտեյնի պղնձավիզ օձը աշխարհի ամենահազվագյուտ ու ամենագեղեցիկ սողուններից է: Իր վզի բրոնզե, գրեթե նարնջագույն մաշկը մեջքին սահունորեն վերածվում է վառ կապույտ, կանաչ ու շագանակագույն պատկերի:
Կոպշտեյնի պղնձավիզ օձի գիտական անվանումն է` Dendrelaphis kopsteini. Այն հայտնի է նաև մոխրաայտ օձ անվանումով: Առաջ այդ օձը խառնում էին իր բարեկամի` էլեգանտ պղնձավիզ օձի հետ (Dendrelaphis formosus): Սակայն 2007 թվականից Dendrelaphis kopsteini-ն համարվում է առանձին տեսակ: Այն ապրում է Հնդկաչինի, Բորնեոյի ու Սումատրայի շրջաններում:
Կոպշտեյնի բնորոշ նշաններից է ծոծրակի շիկակարմիր աղյուսագույն երանգը: Վտանգի պահին օձի ծոծրակը դառնում է հրակարմիր ու վառ նարնջագույն: Գլխի վերևի մասում քթից դեպի մեջք ձգվում է մուգ պղնձագույն շերտը: Օձի մարմնի ներքևի մասը, գլուխն ու վզի շրջանը բաց դեղին են, իսկ մարմնի մնացած մասը խայտաբղետ է ու ծիածանագույն: Այս գեղեցիկ օձն ապրում է ծառերի ճյուղերի վրա ու հիմնականում սնվում է ծառերին բնակվող հեկոններով ու այլ մողեսներով: