«ԲԱՆԱԿՈՒՄ»
Կյանքիս էջերից

Զարմանալին այն էր, որ հինգ հարյուր պաշտպանների մեջ միայն ես էի հայ, իսկ մյուսները` զտարյուն սիբիրցիներ: Ծառայությունն աննախադեպ խիստ էր, իսկ հագուստը և սնունդը` հիանալի: Մենք մի ամսվա ընթացքում լինում էինք Միության տարբեր պետական հանգստյան տներում և առողջարաններում: Բացի պետության ղեկավարներից, հսկում էինք նաև արտասահմանյան բազմաթիվ ղեկավարների, որոնք գալիս էին տարբեր դեմոկրատական երկրներից: Քանի որ մենք ծառայում էինք Միության Ներքին Գործերի Նախարարությանը պատկանող զորամասում, պարզ էր, որ այն ժամանակ մեր նախարարը Լավրենտի Պավլովիչ Բերիան էր:
Մենք իրավունք չունեինք որևէ քաղաքացիական անձի հետ շփվելու, իսկ երբ անհրաժեշտ էր դառնում քաղաքի տեսարժան վայրերը տեսնելու, մեզ պիտի առաջնորդեր մի բարձրաստիճան սպա: Արդեն մեկուկես տարի ծառայության մեջ էինք գտնվում, բայց քանի գնում, այնքան տրտունջները շատանում էին: Կարծես` ոչ թե ծառայության մեջ էինք գտնվում, այլ մի տեսակ` կալանավորի վիճակում: Եվ որպես միակ հայ, իհարկե լռում էի, բայց սիբիրցիների տրտունջներն արդեն կամաց-կամաց ակնհայտ էին դառնում:
Եվ մի օր` գիշերվա կեսին, հրամայեցին. «Վեր կաց: Եվ անձնական իրերով դուրս գալ շարվելու»:
Անձնական իրեր չունեինք, իհարկե, բացի մեր հագուստից: Շտապ շարվեցինք, և սկսվեց անվանակոչությունը: Ում անունն ընթերցեին, նա պետք է դուրս գար ու գնար, նստեր մի փակ բեռնատար մեքենայի մեջ: Ի վերջո, ընթերցումը վերջացավ, մեքենաները շարժվեցին, և մեկ ժամ հետո մենք հայտնվեցինք երկաթգծի կայարանում: Շտապ կարգով մեզ տեղավորեցին երկաթգծի վագոններում, որոնք ցանցապատված էին ամենախիստ ձևով, ինչպես կալանավորների վագոնները: Գնացքը շարժվեց: Բայց դեպի ու՞ր. ոչ ոք չգիտեր:
Երկու շաբաթ անց մենք հայտնվեցինք հյուսիսում` Կարելոֆինսկի ձյունապատ անտառներում` քառասուն աստիճան ցրտերի մեջ: Ինչ-որ փայտաշեն բարաքներ էին, որտեղ մեզ տեղավորեցին: Այնտեղ ինչ-որ մարդիկ էին ապրել, բայց այդ բնակիչներն ովքե՞ր են եղել և ուր էին գնացել... ոչինչ դեռ չգիտեինք: Վերջապես մի երկու շաբաթ բարաքներում բնակվելուց հետո կամաց-կամաց հասկացանք, որ մեզ` երեք հարյուր զինվորներիս` իբրև խորհրդային անհուսալի զինվորներ, աքսորել էին հյուսիս` անտառ հատելու: Իսկ նախկին կալանավորները, որոնք բնակվել են այդ նույն բարաքներում, արդեն սովամահ են եղել կամ սպանվել: Այդ դժբախտները «հայրենիքի դավաճաններ էինե, որոնք պատերազմի առաջին օրերին ժողովուրդների «հայր Ստալինըե առանց զենքի ուղարկել էր պատերազմի դաշտ` հետևյալ կարգադրությամբ. «Երբ ընկերդ զոհվի, դու կօգտագործես նրա հրացանըե: Այս մանրամասնությունները մենք իմանում էինք նրանց գրած անհուսալի նամակներից, որոնք մենք փայտի խոռոչները ստուգելիս գտնում էինք և ծանոթանում, թե ինչ է եղել այստեղ և ինչ պիտի լինի մեզ հետ:
Հետագայում պարզվեց դեռ ավելին: Եվ ուժեղ հսկողության տակ մեզ տարան անտառ` ծառերը հատելու արվեստը սովորելու: Ամեն օր 7-10 կմ ոտքով քայլում էինք ու վերադառնում մեր բարաքները: Մենք գնում էինք բացարձակ մարդկային անթաղ ոսկորների վրայով: Փաստորեն, մարդիկ այնքան հյուծված են եղել, որ չեն կարողացել իրենց ընկերներին հողին հանձնել: Իմացանք նաև, որ նրանք օրական ստացել են մի լուցկու տուփի մեծությամբ թեփախառն հաց, այն էլ` այն պայմանով, որ օրվա առաջադրանքը կատարեն: Տե՛ր Աստված, ի՞նչ է կատարվել այստեղ և ի՞նչ է կատարվելու մեզ հետ:
Մի օր չկարողացա ինձ զսպել. մի երիտասարդ դիակի առաջ ծնկի իջա և մի ժամ դառը արտասվեցի: Ո՞վ էր եղել նա և ո՞ր մեղքի համար էր անթաղ պառկել այստեղ: Չէ՞ որ մեր «հայր առաջնորդըե հայտարարում էր ի լուր աշխարհի. «Մարդը ամենաթանկ կապիտալն է աշխարհում»: Եվ ահա այդ թանկ կապիտալներից մեկը անթաղ հանգչում էր իմ առաջ: Շատ հյուծված ու անտրամադիր էի այդ օրը:
Մեր նախկին երեք հարյուր զինվորներից հարյուրը մահացել էին արդեն, կամաց-կամաց նոսրանում էր «թանկ կապիտալիե շարքերը, բայց մենք մերոնց թաղում էինք, որովհետև, ի տարբերություն նախկինների, մենք օրական ստանում էինք համարյա 400 գրամ սև թեփախառն հաց:
Եվ, ով զարմանք, մեզ մի օր հանգստյան օր տվեցին նամակներ գրելու մեր հարազատներին: Նամակները պետք է գրվեին ռուսերեն, պարզ ու հասկանալի, որ «սիրելի մայրիկներ ու հայրիկներ, մենք շատ լավ ենք, մեր մասին չմտածեքե, իսկ հետադարձ հասցե իրավունք չունեինք գրելու: Հետադարձ պատասխանը իրենք էին հորինում և իրենք էլ պատասխանը հանձնում մեզ:
Չեմ ուզում այդ սև օրերը մանրամասն ձեզ ներկայացնել, քանի որ նախ շատերիդ համար անհավատալի կթվա, իսկ ամենակարևորը` խղճում եմ ձեզ, մեր տեսած և քաշած դառնությունը չեմ ուզում դուք զգաք, թեկուզ և հոգեպես:
72 կմախքացած դժբախտներ էինք մնացել կենդանի մինչև 1953 թվականի մարտ ամիսը, երբ մարտի 10-ին հայտնեցին «ժողովուրդների հայր Ստալինիե մահը, այսինքն` հինգ օր ուշ հասավ մեզ լուրը, որին և հաջորդեց մեր «թանկագինե նախարար Բերիայի գահաթափ լինելը:
Ուրիշ ի՞նչ, համարյա ոչինչ:
Մեր կյանքը մի քիչ փոխվեց, սկսեցին մեզ նույնիսկ տաք ճաշ մատուցել, հանգստյան օրերով ապահովել, և նույնիսկ բժիշկներ հայտնվեցին, որոնք իրենց սրսկումներով և դեղորայքներով մի կերպ «մարդակերպե դարձրին մեզ:
Բայց մինչև օրս ինձ զարմանք է պատճառում մի հանգամանք, որ մեզ զորացրեցին իբրև բանակի զինվորներ` ստորագրություն վերցնելով, որ «ծառայությանե մասին երբեք և ոչ մի տեղ չպատմենք: Սա ամենախիստ հրամանն էր, իսկ անձամբ ես այդ գաղտնիքը մինչև օրս պահպանել եմ սրբորեն: Այն ես պարտավոր էի պահել քսանհինգ տարի, բայց վաթսուն տարի է, ինչ թաղել եմ սրտիս խորքում: Իսկ տանը ծնողներիս հարցերին պատասխանում էի.
– Դե, հայրիկ, ծառայություն էր, մի քիչ երկար տևեց` հինգ ու կես տարի, բայց ոչինչ, հիմա, փառք Աստծո, ողջ և առողջ վերադարձել եմ:
Այսպես անցավ մեր երիտասարդությունը:
Ուրիշ ոչինչ: