
- Մաեստրո, ի՞նչ են հանդիսատեսի ծափերը Ձեզ համար:
- Ամեն ինչ են: Գիտակցում եմ, որ աշխարհի ոչ մի միլիարդատեր այդքան ծափողջույններ ու ծաղիկներ չի ստացել, որքան` ես: Դրանով եմ մխիթարվում:
- Երբեմն Ձեզ մտովի քննադատո՞ւմ եք:
- Ամեն օր, ամեն ժամ, քանի որ այս կյանքից դեռ սովորելու շատ բան ունեմ:
- Ո՞ր եղանակն եք սիրում:
- Գարունը, երբ ծաղկում են ծառերը, երբ բնությունը զարթոնք է ապրում:
- Ձեր բնավորության ո՞ր գիծն է խանգարում հանգիստ ապրել:
- Շուրջը շատ կան իրենց չափը չիմացող, ամբարտավան մարդիկ: Երբեմն զարմանում և հիանում եմ նրանց հանդգնությամբ: Ես մինչև մեկին մի բան եմ խնդրում, հարյուր անգամ չափում-ձևում եմ: Կուզեի` ես էլ մի քիչ հանդուգն լինեի:
- Սիրու՞մ եք չարին չարությամբ պատասխանել:
-Ճիշտ հակառակը` կյանքում ես չարին միշտ բարությամբ եմ պատասխանում:
- Տղամարդկանց հետ է հեշտ աշխատե՞լ, թե՞ կանանց:
- Իհարկե` տղամարդկանց, որովհետև, եթե պետք է կռվել, կնոջ հետ` չես կարող: Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վիճել կանանց հետ:
- Մարտի 8-ն եք նախընտրու՞մ, թե՞ Ապրիլի 7-ը:
- Ե ՜վ Մարտի 8-ը, և ՜ Ապրիլի 7-ը: Ամեն օր եմ ընդունում կանանց առավելությունը, հմայքը և գրավչությունը:
- Մաեստրո, դժվար չէ՞ հումորի զգացումից զուրկ մարդու հետ ընկերություն անելը կամ ճանապարհ գնալը:
- Կյանքը սիրող մարդու համար, իհարկե, դժվար է: Ճանապարհ գնալն էլ շատ տաղտկալի կլինի:
- Երբևէ հումորի օգնությամբ կարողացե՞լ եք դուրս գալ անելանելի վիճակից:
- Պատահել են դեպքեր, որ դուրս եմ եկել, եղել է, որ չի հաջողվել, կամքս չի հերիքել:
- Որևէ անմոռաց դեպք կարո՞ղ եք հիշել:
- Փարիզի Աստվածամոր տաճարում ընդհանրապես բարձր խոսել և ծափ տալ չի թույլատրվում: Մենք մի ամբողջ համերգ տվեցինք, իսկ ավարտին դահլիճը պոռթկաց և թնդաց ծափերից ու բռավոներից:
Մի անգամ էլ արտասահմանյան հյուրախաղերից մեկի ժամանակ, հանկարծ` մի չղջիկ մտավ հյուրանոցի մեր հարկաբաժինը: Կանայք, մազերը պինդ բռնած, մի այնպիսի վայնասուն բարձրացրեցին, իսկական զավեշտ էր, մինչդեռ ես շատ հանգիստ էի, քանի որ ոչ մազ ունեի, ոչ էլ` վախ:
Զրուցեց`
Զարուհի Մխիկյանը
Զարուհի Մխիկյանը