– Հաճա՞խ ես տխրում: – Բնույթով ուրախ մարդ եմ, բայց տխրելու առիթներ շատ են լինում, չեմ կարող թաքցնել, ամենաչնչին բանից իմ տրամադրությունը կարող է փչանալ: Շատ զգացմունքային մարդ եմ: – Վրեժխնդրության զգացումը ծանո՞թ է քեզ։ – Նայած` ինչի համար, նայած` թե ինչ աստիճանի եմ վիրավորված, նայած` թե ում են վիրավորել: Բնույթով խաղաղ մարդ եմ, բայց եթե խոսքը վերաբերում է իմ հարազատներին, իմ մորը, ես շատ անհավանական արարքների եմ ընդունակ հանուն նրանց: – Սիրո՞ւմ ես կյանքը: – Նայած ժամանակ։ Պատահում է, որ վատ հոգեվիճակի մեջ եմ լինում, սկսում եմ դժգոհել... – Հենց հիմա ինչպե՞ս ես քեզ զգում: – Շատ ուրախ եմ, շատ լավ եմ ինձ զգում: Բայց լինում են շրջաններ, երբ կյանքն ինձ գարշելի է թվում, «հավեսովե չեմ ապրում: – Կարողանո՞ւմ ես մեկ ամբողջ օր տանն անցկացնել: – Լինում են օրեր, երբ տանն եմ լինում: Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, բայց կան մարդիկ, ովքեր ասում են, որ հանգստանալու ժամանակ չունեն... Իրականում միշտ ամեն ինչ հասցնում է այն մարդը, ով ամենազբաղվածն է: Անգործ մարդը միշտ ինչ-որ բան չի հասցնում: Ես միշտ էլ ժամանակ գտնում եմ իմ սիրելի մարդկանց համար, միշտ այցելում եմ նրանց, դրա հետ մեկտեղ հասցնում եմ աշխատել: Լինում են օրեր, երբ ոչ մի բան չեմ ուզում անել, 24 ժամ տանն եմ մնում, բազմոցից վեր չեմ կենում: – Մե՞ծ տեղ ես տալիս նյութականին: – Չգիտեմ, սիրում եմ հարմարավետությունը, սակայն դրա հետ մեկտեղ ճոխություն չեմ սիրում, պարզության և հարմարավետության կողմնակից եմ: Բնականաբար, հարմարավետ պայմանների մեջ մարդը ավելի լավ է կարողանում հանգստանալ, դա բնական է. Չեմ կարող ասել, որ նյութականին շատ մեծ տեղ եմ տալիս, իմ կյանքում կան բաներ, որ նյութականից առավել մեծ արժեք ունեն: Իմ դրամապանակում պահված նամակներ կան, դրանք իմն են, ինձ համար են գրվել, դրանք ինձ համար աշխարհում ամեն ինչից թանկ են: – Ի՞նչը կամ ո՞վ քեզ կարող է ստիպել ապրել: – Երևի առաջին և կարևոր մարդն իմ մայրն է, ով կարող է ստիպել ինձ ապրել: Ուզում եմ այնպես ապրել, որ ինձ վատ բան չպատահի, որ մայրիկս չտխրի: Կյանքում պետք է ունենալ մի քանի վստահելի, հարազատ մարդ, ում վրա յուրաքանչյուր պահին կարող ես հույս դնել։ Եվ շատ ցավոտ է, երբ նրանք դադարում են քո կողքին լինելուց... – Երբ զգում ես, որ քո կողքին կեղծավոր անձնավորություն է հայտնվել, ինչպե՞ս ես վարվում: – Երբ զգում եմ՝ հեռանում եմ: Շատ համբերատար եմ, երկար եմ սպասում, բայց երբ հեռանում եմ, չեմ վերադառնում: