ՄԵՆՈՒԱ - ՊԱՏՄՎԱԾՔ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:31



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՊԱՏՄՎԱԾՔ

Կայքի մենյու
Փնտրել

ԿՅԱՆՔՆ ԱՌԵՂԾ­ՎԱԾ Է...


Սիրելի ընթերցող, այս անգամ իմ զրույցը մի սովորական, պարզ, հոգով մաքուր, չափազանց բարի մարդու հետ է:
Նա անցել է կյանքի ծանր ուղի, ճակատագիրը դառը փորձությունների է ենթարկել նրան, բայց նա երբեք չի կորցրել հոգու արիությունը, հոգու մաքրությունը, բարությունը, չնայած ասում են, որ դառը մանկություն ունեցողները հետագայում դառնում են չար, դաժան, մարդատյաց, մարդակեր (ինչպես Հիտլերը), բայց դա բոլորովին չի վերաբերում իմ հերոսին` Տաճո պապին: Տաճո են կոչել նրա համար, որ միշտ ատելությամբ և վրեխնդրությամբ է խոսել տաճիկների (թուրքերի) մասին:
Իմ հերոսը` Ավագ (Տաճո) Հովհաննեսի Կարապետյանը, ծնվել է Դիլիջանում 1927թ. հունվարի 10-ին: Հայրը` Հովհաննես Կարապետյանը, եղել է Վաղարշապատի գնդի հրամանատարը, միաժամանակ` Աշտարակի կոլխոզի նախագահը, ուր տեղափոխվել էր նրանց ընտանիքը: Հայրը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Ավագը եղել է ընդամենը վեց ամսական, երբ հանկարծակի, ՙանհայտ՚ հիվանդությունից մահացել է մայրը: Հայրն այդ ժամանակ եղել է Վաղարշապատում: Եվ փոքրիկ որբուկի խնամքն իր վրա է վերցրել մորաքույրը, ում և, ցավոք, կոչել է մայր: Ապրելով իրենց տանն, մորաքույրն ամուսնանում է Հովհաննեսի հետ և դառնում տան լիիրավ տիկին:
1935-ին, ստացած վերքերից (վիրավորվել էր ճակատամարտում) մահացել է Հովհաննես Կարապետյանը: Նրա մահվան տարելիցը կատարելուց հետո, հրաժեշտ են տվել Աշտարակին և տեղափոխվել Երևան, որտեղ և մորաքույրն ամուսնացել է երեք երեխա ունեցող մի տղամարդու հետ: Սկսվում է Մեծ հայրենականը, մորաքրոջ ամուսինը գնում է պատերազմ ու չի վերադառնում: Երեք երեխաների խնամքը մնում է իբր մորաքրոջ, իսկ հիմնականում` խեղճ Ավագի վրա, ով 11 տարեկանից ընդունվել էր աշխատանքի կոշիկի գործարանում, շատ չնչին աշխատավարձ էր ստանում և այդքան տանջանքից հետո կիսաքաղց մտնում անկողին և ման գալիս ցնցոտիներով:
–Տաճո պապի, այժմ դու պատմիր քո կյանքը:
–Ասեմ որ ութ տարեկանում հիվանդացա կարմրուկով և ջրծաղիկով միաժամանակ և կորցրեցի մեկ ականջիս լսողությունը: Հայրս ինձ բերեց Երևան լավագույն բժիշկների մոտ տարավ, բայց բուժել հնարավոր չէր: Այն ժամանակվա լավագույն պրոֆեսոր Յոլյանն էլ նայեց, զննեց ինձ և հորս ասաց, որ հնարավոր է, մյուս ականջս էլ հիվանդանա և ես ընդհանրապես զրկվեմ լսելու ունակությունից:
Տասնութ տարեկան էի, երբ հորեղբայրս ինձ տվեց թղթերի կապոց և ասաց.
–Բալես, սրանք քո հոր փաստաթղթերն են և մանդատը, որ ինքն է տվել ինձ և ասել, որ եթե որդիս լավ, ազնիվ մարդ դառնա, կտաս իրեն: Զգում եմ, որ դու քո հոր արժանի զավակն ես, վերցրու այս փաստաթղթերը, նաև հորդ մանդատը, կարող է հետագայում քեզ պետք գա: Տղա ջան, քեզ մի գաղտնիք էլ եմ ասելու, քանի որ արդեն մեծ ես. մայրդ` իմ սիրելի հարսը, իր մահով չի մահացել: Էս մորքուրդ է իրեն թույնել, քանի որ աչք ուներ հորդ վրա, դրա համար էլ վերացրեց մորդ:
Հետո մարդիկ ինձ խորհուրդ տվեցին հորս փաստաթղթերով ներկայանալ համապատասխան կուսակցական հիմնարկներ և օգնություն խնդրել: Ես գնացի «Մոսկվաե կինոթատրոնի մոտ գտնվող ինչ-որ հիմնարկություն, որի ղեկավարին կոչում էին Սիմակ:
Նա ինձ շատ լավ ընդունեց, նայեց փաստաթղթերը, հետո զմռսեց և ինձ տալով, ասաց.
–Տղա ջան, էս կապոցը կտանես և կտաս ընկեր Մացակ Պապյանին, ուրիշ մեկի ձեռքը չտաս: Նա ոսկի մարդ և ղեկավար աշխատող է, քեզ կօգնի: Էլի եմ ասում, բացի ընկեր Պապյանից, ոչ մեկի չտաս:
Ես վերցրեցի փաստաթղթերը և գնացի Լենինի հրապարակի (այժմ Հանրապետության) նրա նստավայրը: Սիմակն ինձ թուղթ էր տվել, որի հիման վրա պահակը անցագիր գրեց և բարձրացա Մացակ Պապյանի մոտ: Մտա նրա աշխատասենյակ: Նա ասաց.«Նստի՜ր, ճուտո ջանե: Այսօրվա պես հիշում եմ, մի մեծահասակ կին էր մոտը և լացելով ասում էր, որ տունը ձեռքից առել են ու դիմում տվեց Մ.  Պապյանին: Վերջինս այդ դիմումը դրեց ինչ-որ թղթապանակի մեջ և ասաց. «Գնա, մայրիկ ջան, երկու օրից դու քո տունը հետ կստանասե: Շատ համոզիչ էր խոսում, իսկ այդ կինն ասաց. «Բալա ջան, ինչի՞ դիմումս դրիր էդ թղթերի մեջ, կկորի կամ կգողանան, դիր գրպանդե: Մացակ Պապյանը լուռ վերցրեց դիմումը և, ծոցագրպանը դնելով, ասաց. «Մայրիկ ջան, ես իմ խոսքի տերն եմ, հանգիստ գնա ու էլ չլացեսե: Ես հասկացա, որ հանդիպել եմ իրոք մեծատառով մի մարդու, ով տառապում է աշխատավոր, խեղճուկրակ մարդկանց ցավով և օգնում նրանց: Այդ կինը, ուրախության արցունքներն աչքերին, գրկեց Մացակ Պապյանին և դուրս եկավ: Այնուհետև, շրջվելով դեպի ինձ Պապյանն ասաց.
–Ճուտո ջան, լսում եմ քեզ:
Ես նրան տվեցի կապոցը, բացեց, մեկ առ մեկ ուսումնասիրեց թղթերը և ասաց.
–Բալես, ու՞մ հետ ես ապրում:
–Մորքուրիս և իր զոհված ամուսնու երեք երեխաների հետ, միայն ես եմ աշխատում և չեմ կարողանում կուշտ փորով հաց ուտել:
Մացակ Պապյանի հրամանով ինձ տարան բաղնիք, մազերս կտրեցին, շպրտեցին ցնցոտիներս և ոտքից գլուխ նոր հագուստ տվեցին, հիշում եմ գալիֆեի շալվարը:
Ինձ նորից տարան Պապյանի մոտ, արդեն ճաշի ժամ էր: Մացակ Պապյանը դիմեց ինձ.
–Ճուտո ջան, գնանք ճաշելու:
Գնացինք շենքում գտնվող ճաշարանը: Մոտեցանք երկար սեղանին: Նա ինձ նստեցրեց մի աթոռի վրա և ասաց.
–Բալես, սա քո մշտական տեղն է, սրանից հետո ամեն օր կգաս ճաշարան, կնստես քո տեղում և կճաշես: 
Այդ օրվանից ես հավաքում էի սեղանի վրա ավելացած ուտելիքները և տանում տուն, որ մերոնք ուտեն ու այդպես հինգ տարի, և մերոնք միշտ կուշտ էին լինում, իսկ իմ սիրտը` հանգիստ:
Ինձ նաև փողով էր օգնում, որը մորքուրս վերցնում և իր երեք երեխաների վրա էր ծախսում: Անցան տարիներ, հագուստներս մաշվեցին, Մացակ Պապյանը փող էր տալիս, որ հագուստ գնեմ ինձ համար, բայց ես էլի մնում էի մաշված հագուստով: Մի օր Պապյանը հարցրեց, թե ինչու՞ նոր շոր չեմ գնում, ես էլ ասացի, որ մորքուրս ձեռքիցս առնում է փողը: Այդ կնոջը կանչեց իր մոտ, բարկացավ նրա վրա և ասաց, որ այլևս ձեռքիցս չվերցնի փողը:
Երբ տուն վերադարձա, մորաքույրս, ում միշտ մամա էի ասում, և երեք երեխաները շատ վատ էին վարվում ինձ հետ. Այդպես` մի քանի օր: Եվ մի օր ասացի.
–Ես էլ ձեզ հետ չեմ ապրի, կգնամ առանձին կապրեմ: 
Մորաքույրս զայրացած ասաց.
–Գնում ես, գնա՜, ավելի լավ, ոչ փող ես տալիս, ոչ բան, էլ մեզ պետք չես, կորի՜ մեր տնից:
Դուրս գալիս ասացի.
Գիտե՞ս ինչ կա, դու իմ մոր թշնամին ես, ոչ թե քույրը, դու ես թույնել իմ մորը, որ հորս հետ պսակվես:
Նա չհերքեց, միայն զարմացած հարցրեց.
–Դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է քեզ ասել, գետինը մտնի ասողը:
–Կարևոր չէ, թե ով է ասել: Եթե լուսահոգի հայրս իմանար այդ մասին, քեզ կգյուլլեր և ոչ թե կամուսնանար քո հետ, քանի որ նա մամայիս է սիրել:
Եվ այդպես բաժանվեցի նրանցից:
Շատ ուրախ և հպարտ եմ, որ հինգ տարի, ճաշելով Մացակ Պապյանի հրավերով, նույն ճաշարանում էին ճաշում, համարյա ամեն օր, Նագուշ Հարությունյանը, Երվանդ Քոչինյանը, Յակով Զարոբյանը և շատ այլ պաշտոնյա անձինք, որոնց անունները, ցավոք, չեմ հիշում:
Հասա ծառայության տարիքի, դե պարզ է, ծառայության պիտանի չէի, ոչ խաղաղ, ոչ էլ պատերազմական պայմաններում: Չգիտես ինչու, փաստաթղթերս կորցրել էին զինկոմում: Գնացի գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի մոտ, ում հայրս էր պահել-մեծացրել, տվել ուսման: Եվ նա ամեն ինչ հարթեց, ցավոք, ի վիճակի չէի ծառայել:
Հետո սովորեցի ներկարարություն, սկսեցի տներ վերանորոգել, այնուհետև` 26 տարեկանում ամուսնացա:
Այժմ ապրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտայի հետ: Ցավոք նա մեկուկես տարի է, որ անկողնային հիվանդ է: Ես խնամում եմ նրան ու կխնամեմ մինչև կյանքիս վերջը, քանի որ շատ եմ սիրում իրեն:
–Ձեր մաղթանքը և խորհուրդները թնթերցողներին:
–Խորհուրդ եմ տալիս սիրեն իրար, լինեն ներողամիտ, ամուր պահեն ընտանիքները, շատ կարդան: Ես այս տարիքին ամեն օր կարդում եմ: Խորհուրդ եմ տալիս բոլորին` սիրեն մեր սրբություն-սրբոց Հայաստանը, հայոց լեզուն, լինեն ընկերասեր և մարդասեր:

Զրուցեց Զարուհի Մխիկյանը
Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016